Skip to main content

Ինֆոխորտակում



Վերջին մի շաբաթվա ընթացքում Ֆեյսբուքյան ընկերներիս թիվը կրճատել եմ մոտավորապես 500-ով։ Եթե հաշվի առնենք, որ ընկերներիս թիվը առանց դրա էլ մեծ չէր, տակը ոչինչ չի էլ մնում։

Քանի տարի շարունակ չեմ հետևում գրեթե ոչ մի լրատվականի։

Ստացվում է՝ ուրիշների համեմատ՝ տեղեկատվությամբ խեղդվելու հավանականությունը քիչ է։

Բայց ոչ։

Ու այս օրերին, երբ կորոնավիրուսի մասին լուրերը հասել են իրենց գագաթնակետին, պանիկան՝ ևս, մնում է մի բան․ վերցնել գլուխդ ու փախչել։ Իսկ ու՞ր։

Վերջին հարցի պատասխանը ամեն մեկի համար առանձին է։ Ոմանք փախչում են Ինստագրամ, մյուսները՝ Թվիթեր, ուրիշներն ընդհանրապես են հեռանում սոցիալական մեդիայից։

Իսկ դու, որ աշխատանքի ու կյանքի բերմամբ սոցիալական մեդիայի բաղկացուցիչ մաս ես, պետք է խորտակվես։ Պետք է խորտակվես ինֆոդաշտում։ Սառը, դաժան, անողոք, անհամ ինֆոդաշտում։

Սկզբում բացում ես Ֆեյսբուքը, հետո Ինստագրամը, հետո Տելեգրամի ինչ-որ ալիքներ, հետո Յութուբով հոլովակ ես նայում, ուղեղդ տառերի մեջ է, սիրտդ՝ կողպված 0-երի ու 1-երի արանքներում։ Քեզ ուղղակի ճզմում են լուրերը, հոլովակները, շամշյաններն ու իրադարձությունները։

Նկատել եք չէ՞, թե ոնց են լուրերն իրար հաջորդում։ Մի լուրը սպանում է քեզ, մյուսը՝ ոչնչացնում, հաջորդի հետ՝ նորից շնչել ես սովորում, վերջինն էլ հետ չի մնում՝ էլի քաշում է քեզ;

Ու այդ խառնաշփոթի մեջ քեզ մնում է գոռալը։ Գոռալը տառերով, լայվերով, հոլովակներով ու նկարներով։ Գոռալը մի վայրում, որտեղ քեզ հեչ էլ ոչ մեկ չի լսում։

Որովհետև երբ գոռում են բոլորը, չի լսվում և ոչ մեկի ձայնը։ Իրադարձությունները հաջորդում են, կարծիքները գալիս ու գնում, գումարվում ու բաժանվում։ Մարդիկ ծնվում են ու մահանում, ծեծվում, արդարանում կամ առաջ գնում, էկրանից այն կողմ կյանքում։ Իսկ դու գոռում ես։ Ցածր, շատ ցածր գոռում․ քո տառերով։

Երբ փոքր ես լինում, մաթեմատիկայի լաստանավերով խնդիրները միշտ բարդ են թվում։ Երբեք չես պատկերացնում՝ ինչ տեսք են ունենում այդ լաստանավերը։ Բայց այդ խնդիրը միշտ բարդ է ու անհասկանալի։ Դու երազում ես մրգերով խնդրի մասին, քեզ միշտ լաստանավն է բաժին հասնում։ Ու չէ, էդ պահին լաստանավից այն կողմ ոչինչ էլ չես տեսնում։

Հետո մեծանում ես։ Չնայած մի խելացի մարդ վերջերս ասում էր, որ մեծանալը ո՞րս է, եթե այդ մեծանալուն այդպես էլ վերջ չկա։ Ճիշտ էր ասում, երևի։ Բայց մեծանալուն զուգահեռ հասկանում ես, թե ինչքան անիմաստ է լաստանավերի խնդիրը։ Թե ինչքան ֆանտաստիկ սահմանափակ ու ֆանտաստիկ դյուրին էր ամեն ինչ, երբ հարցը կանգնած էր լաստնավերի ու մրգերի միջև։

Մեծանում ես, գումարվում են հավերժ չվերջացող խնդիրները։ Ու, չգիտես էլ՝ որտեղից, գումարվում են ուրիշների խնդիրները։ Ուրիշների չկառուցված լաստանավերը, չլվացած մրգերը, կիսատ թողած խնդիրները։ Ու դու կեղեքվում ես։ Որովհետև չես կարող լուծել այդ խնդիրները, դրանք քոնը չեն։ Բայց քեզ հետ են։ Քո պլատոնական խնդիրները, որ սիրահարեցնում են քեզ էկրանից այն կողմ։

Ուրիշների մրգերն ու լաստանավերը քո կյանքում մի ռեպորտաժով, մի հոդվածով, մի ստատուսով ու մի հղումով են գալիս։ Ու դասավորվում ուղեղիդ դարակներում։ Հետո սկսում հետքեր թողնել սրտումդ։ Դասավորվում, ցավացնում, երբեմն՝ սպանում, երբեմն՝ ուղարկում կռիվ անելու։

Ու դու խորտակվում ես։ Քո կարդացած նյութերի, նայած հոլովակների, ժամեր տևող լայվերի ու կիսածիծաղկոտ ստատուսների արանքներում։ Մնում ես ուրիշների խնդիրներից կիլոմետրերով հեռու, բայց սանտիմետրերով մոտ նրանց խնդրի տառերին։

Գոռում ես, բայց էկրանից այս կողմ, ախր, քեզ ոչ մեկ չի լսում։ Ու տառերի պայքարում, մեկնաբանությունների սարերում դու խորտակվում ես։ Ինֆոխորտակվում։

Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...