Skip to main content

Անանձնություն


Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ ես ոչինչ եմ, որ էլ չկամ...

Աստղերը միշտ սխալ են հուշում: Աստղերն ընդհանրապես ոչինչ չեն հուշում: Մենք վերացական երազաներ ենք կապում այն երևույթների հետ, որոնց չենք կարող հասնել, բայց ... բայց մենք պարտվում ենք: Մենք պարտվում ենք մեր անձի դեմ կռվում, մեր դիմացինի զգացմունքների հետ պայքարում, անիմաստ, անգույն, անտեսք երազներում:

***
- Պարտվեցի:
- Հը՞:
- Է՜հ, չգիտեմ:
- Սկսվե՜ց: Հիմա հանգստանում ես ու խոսում: «Պարտվեցի» ասելը մոտդ սովորություն  դարձել: Խոսի՛ր:
- Հիմա ես քեզ կպատմեմ այն, ինչ եղել է: Դու հոգոց կհանես, ինձ մեղմ կժպտաս, կասես, որ էլի հեքիաթներ եմ պատմում, փիլիսոփայում եմ ու կճանապարհես տուն: Հետո կվերադառնաս ու կմոռանաս: 
Վերջ: 
Իսկ ես նորից կպարտվեմ: Էս անգամ էլ քեզ:
Էս անգամ էլ իմ մտքին:
Էս անգամ էլ:
- Խոստանում եմ՝ նույն սցենարը չի կրկնվի: Ասա՛:
- Էսօր հարցազրույցի էի: 
Ռադիոյում:
Գիտես՝ ողջ կյանքումս երազել եմ այնտեղ աշխատել: Իմ ամենասիրելի ֆիլմը ռադիոյի մասին է, իմ մտքերն ու երաժշտական երազները ռադիոյում են, ես ռադիոգերի եմ: Ծիծաղելի է, չէ՞: Բայց երազանքս է:
- Գիտեմ, գիտեմ,- քթի տակ մռմռաց նա:
- Առավոտյան լավ տրամադրությամբ էի արթնացել: Ամենաերջանիկ օրս պիտի լավ ավարտ ունենար: Ես էլ իմ երազանքին հասնեի:
Երբ ֆիլմերում ցույց են տալիս մի փոքրիկ քաղաքի փոքրիկ աղջկա, որը մեծ քաղաքում հասնում է մեծ երազի, միշտ չես հավատում; Մտածում ես՝ չէ, անհնարին է: Իրական կյանքում միակ սցենարիստը դու ես, ռեժիսորն էլ, օպերատորն էլ: Քո կյանքի չերևացող ֆիլմի բոլոր «աստղերը» դու ես, աշխատատեղերն էլ բոլորը քոնն են: Դու ստեղծեցիր՝ կհաղթես, կեսից կանգնեցիր՝ կպարտվես: Հա՛, էլի էս բառերն եմ գործածում: Որովհետև կյանքում կա՛մ հաղթում են, կա՛մ պարտվում: Կա՛մ ունես ամեն ինչ, կա՛մ ոչնչի տիրակալն ես: Մնացածը միջակություն, անիմաստություն, անիրական երազանքների լիություն ու կոտրված երջանկություն է: 
Դու դա ուզու՞մ ես:
Չէ:
Ես էլ: Մենակ մի «բայց»-ով:
Ես միշտ հավատացել եմ ֆիլմերին, նույնիսկ ամենաֆանտաստիկ ու ամենաանիրական: Ես հավատացել եմ երազանքի՝ առանց իրականության խաբեության ու անէության: 
Իսկ այսօր ես ...- արդեն ուզում եմ լաց լինել, բայց հավաքվում եմ,- ես կրկին պարտվեցի: Պարտ-վե-ցի:
«Ձեր ձայնը չի համապատասխանում մեր պահանջներին»: Ասացին ռադիոյում ու ուղարկեցին տուն:
Պատկերացնում ես, չէ՞:
Իմ երազանքը մի վայրկյանում դարձավ զրո, դարձավ կետ, դարձավ ոչինչ, որին տրորեցին ու անցան:
Մենք: Ը-ը-ը: Ես:
Ես պարտվեցի:
Ես պարտվեցի կյանքին, որն ինձ անտանելի մեծ ուժ էր տալիս: 
Պարտվեցի իմ երազանքին:
Մի բառով:
Մի նախադասությամբ:
Ես պարտվեցի բոլոր նրանց պես, որոնք ցանկանում էին, բայց չհասան:
Նրանց պես, որոնք երգեր ու բանաստեղծություններ գրեցին, հորինեցին ու ստեղծեցին, բայց չհասան:
Ես պարտվեցի:
Պարտվեցի իմ անձին, իմ ապագա երջանկությանը, իմ անձնական երջանկությանը:
Ես ան-անձ-նա-կան էի:
Իմ անձը պարտվեց: Ես դարձա ոչինչ:
Ամիրխանյանի ամենասիրուն երգի բառերի պես:

                                                                     ***

իմ անանձնությունը խեղդեց ինձ պարտության աստիճան, 
իմ երազանքն ինձ դարձրեց անտեր, անիսկական...

                                                                     ***
Իմ բառերից հետո նա սկսեց մխիթարել ինձ անգիր արած ու նույն ֆիլմերի չստացված կադրերից սովորած բառերով: 
Սցենարը կրկնվում էր:
Նա մեղմ ժպտում էր:
Իսկ ես հասկանում էի, որ իրականում ես միշտ էլ կպարտվեմ, մինչև սովորեմ հասկանալ, որ երազանքը պիտի կախված չլինի ուրիշներից, նրանց անձից, նրանց անհույս բառերից, անգիր արած տառերից ու միագույն եզրերից:

Ես կընկնեմ, կտապալվեմ, կցեխոտվեմ, կկոտրվեմ, լաց կլինեմ, կմրոտվեմ, կանգունանամ,

ԲԱՅՑ կհաղթեմ, քանի դեռ կամ ու կլինեմ!


Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...