Skip to main content

Ցունամի

Tsunami
Առավոտյան դու արթնանում ես: Իհարկե չես ցանկանում արթնանալ, ընդհանրապես, չեմ կարծում՝ այդ երևույթը սիրող կա: Տանջվում, նորից քնում, էլի արթնանում, էլի տանջվում, բայց վերջիվերջո բարձրանում ես անկողնու մակերևույթից, ու սկսվում է օրդ:
Սկսում ես վազել:
Ինչպես հայտնի ֆիլմում ասում է. «Վազի՛ր, Ֆորե՛սթ, վազի՛ր»: Այդ միտքը քո մեջ է, քո ներքին զարթուցիցիչի պես, որ քեզ անընդհատ դրդում է վազելու: Դու վազում ես, որ չկորցնես ժամանակդ: Վազում ես, որ հասնես երազանքիդ, նպատակիդ, երգիդ ու տարերքիդ:

Ընկնու՞մ ես:
Իհարկե:
Օրերով ընկնում ես, չես կարողանում բարձրանալ, առավոտյան տանջանքներդ մշտական են դառնում: Ոտքդ սայթաքում է, ու ոչ մի ճյուղ քեզ չի օգնում բարձրանալ: Ուղղակի դրանք չկան:
Հետո էլի ես ընկնում ցեխի, ավազի, անձրևի ու կյանքի ճիրանների մեջ: Քրտինքի սառը կաթիլները արձանանում են վրադ, դու չես արձագանքում: Դու դեռ վազում ես:

Բարձրացա՞ր:
Իհա՜րկե:
Որովհետև դու գնում ես նրա հետևից, ով քեզ պետք է: Դու առաջ ես գնում հաղթանակի համար: Քո վազքը ամենատաքն է, ամենաջերմն ու հաղթականը; Դու հաշվի չես առնում ոչինչ, դու միայն ժպտում ես: Ժպիտդ ամենաանկեղծն է:
Դու ապրում ես, սպասում, վազում ու վազում:
Անհավանականորեն շատ ու շուտ ուզում հասնել վերջին, բայց ընթացքը քեզ դուր է գալիս:
Վազում ես:
Ժպտում:
Այրում:
Այրվում:
Երգում ես ու ապրում, բայց վազքդ չի ավարտվում:

Ցունամի՞:
Իհարկե:
Ցունամին քեզ չի խանգարում:
Ջրի կաթիլները լցվում են գլխին, աչքերդ այլևս ոչինչ չեն տեսնում, մի՞թե կարիքը կա: Չեմ կարծում:
Ցունամին քեզ դեսուդեն է շպրտում, դու տաք ես, դու անկեղծ ես, դու երազանք ես: Դու վազում ես:
Որովհետև:
Որովհետև դու ծովն ես, որ շպրտում է ցունամին, որը չի ցանկանում այլևս ոչ մի անպետք բան: Դու լռությունն ես, որ էլ տանել չի կարողանում աղմուկը: Դու դեն ես նետում այն ամենը, ինչը քեզ ցավեցնում  ու խանգարում է: Դու զրկում ես քո եսին անպետքությունից:

Դու վազում ես:
Վե՞րջում:
Վերջում դու հևասպառ հասնում ես երազանքիդ ու տարերքիդ, մտքիդ ու խելքիդ:
Դու հասնում ես եսիդ:
Սիրելի իրականությունդ քեզ կլանում է, որ այլևս երբեք չսկսվի ցունամին:
Այն ցունամին, որ քեզ կկեղտոտի ու կփոշիացնի, կսպանի ու կհեռացնի:

դու կաս:


Comments

Popular posts from this blog

Ով եմ ես?????

     Գիտեք, ամեն անգամ, երբ ինձ տարիներ շարունակ հանձնարարում էին գրել շարադրություն իմ մասին ,թե ով եմ ես,ինչպիսին եմ ես,ինչեր եմ սիրում :Ճիշտ է, մասամբ ես կարողանում էի տալ այդ հարցի պատասխանը ,սակայն այժմ ինչ - որ բան փոխվել է , քանի որ ես կարող եմ հանգիստ պատմել իմ մասին ,թե ինչպիսին եմ ես,ինչ եմ սիրում և այլն......... Եվ  գիտեք , իմ կարծիքով ինձ ամենից շատ  փոխեցին սոցիալական  կայքերը, և ես հիմա ազատ կարողանում եմ շփվել իմ ընկերների հետ վիրտուալ աշխարհում և հակառակվելով շատերին պիտի ասեմ, որ համացանցը այդքան էլ վատը չի, եթե դու կարողանում ես ճիշտ ձևով այն օգտագործել:Իսկ հիմա տամ հիմնական պատասխանը ողջ այս նախաբանից հետո, թե ով եմ ես.....      << Մարդը  ոչ հրեշտակ է , ոչ էլ կենդանի, և նրա դժբախտությունը այն է , որ ինչքան շատ է ձգտում հրեշտակի նմանվել, այնքան  շատ է նա վերածվում կենդանու>> Բլեզ Պասկալ     Հրաշալի խոսքեր է գտել Պասկալը բնութագրելու մարդուն և առանց չափազանցության:       Իսկ ...

Ես արդեն մեծ եմ

 Ձեռքս էր ընկել հայոց լեզվի 6-րդ դասարանի դասագիրքը: Թերթում , թերթում էի : Չափազանց լավ գիրք էր և ոչ միայն հայոց  լեզուն մատուցելու առմամբ , այլև գիրքն իր հագեցվածությամբ , իմաստուն խոսքերով , տեղեկատվությամբ: Եվ հերթով սկսեցի ընթերցել ասույթները , որ զետեղված էին յուրաքանչյուր դասի վերջում: Կարդում էի և հիանում մեծերի իմաստուն խոսքերով և մտածում , որ , եթե ես այդ տարիքում այդ գիրքը կարդացած լինեի Հանճար կլինեի : Կարդացի , կարդացի և հանկարծ նկատեցի "Ես արդեն մեծ եմ " վերնագրով առաջադրանք ՝շարադրություն գրելու: Չափազանց շատ դուրս եկավ այդ վերնագիրը և մոտ մեկ ամիս մտածում էի , թե ինչ գրել( թե ասա 6-րդ դասարանցին որտեղից գրեր???) : Եվ վերջիվերջո գրիչս , այս դեպքում ստեղնաշարս վերցրեցի ձեռքս: Չէ , չէ , չէ ... Ես մեծ չեմ , ես երբեք մեծ չեմ էլ դառնա , համենայն դեպս երբեք չեմ ընդունի այս , որ մեծ եմ :)  Ինչիս է հարկավոր մտածելը մեծ լինելու մասին , եթե կարելի է անհոգ , թեթև , ուրախ , երբեմն անմիտ ապրել...  Մեծերին շատ բաները թույլատրելի չէ , շատ բաները անկառավարելի , ...

Վերջին անգամ

Վերադառնանք 10 տարի առաջ, միացնենք Նարեկ Բավեյանի «Վերջին անգամ»-ն ու հեկեկալով երգենք այդ մեգահուզիչ երգը։  Կատարյալ իրադրություն կլիներ, եթե լինեին այդ ժամանակները։ Բայց հիմա ո՛չ Նարեկին ենք հիշում, ո՛չ այդ երգը։  Ես Հայկուհին եմ, 23 տարեկան։ Ու վերջին անգամ եկել եմ համակարգչիս ստեղնաշարի օգնությամբ գրելու այն ամենի մասին, ինչ ուզում եմ, ու հեռանամ ․․․ այս բլոգից` նոր պատմությունների ու իրադարձությունների հետևից։  2011 թվականի օգոստոսի 24-ին սկսվեց իմ կյանքի ամենավառ պատմություններից մեկը՝ ի դեմս այս բլոգի։ « Ո՞վ եմ ես » անունը կրող գրառումը ստիպեց ինձ անել այն, ինչը տարիներ շարունակ դարձավ իմ օգնականն ու ինձ լսողը։ Մինչ օրս ես ոչ մի անգամ նորից չեմ կարդացել այդ գրառումը։ Որովհետև գիտեմ, որ սարսափելի է, անկեղծ լինենք։ 15 տարեկան մարդուկի անհասկանալի մտքերը, որոնք ամեն տարի մեծանում էին, խորանում կամ հակառակը, որոնք հղկվում էին, զարգանում, փոփոխվում։ Բոլորի աչքի առաջ։  243 հրապարակված գրառում, չհրապարակված ևս 102-ը, այցելություններ ամենատարբեր եր...