
Երևանը մութի, տխրության ու մռայլի քաղաք է: Այս քաղաքում գույներ չկան. ո՛չ երկնքում, ո՛չ շենքերում: Ավտոբուսները գունավոր են, վարորդները՝ խամրած: Շենքերի տուֆը՝ վարդագույն է, բնակիչները՝ տխրամած: Երևանը անընդհատ շտապող ու նույն կետին վերադարձողների քաղաք է:
Իսկ մեզ դեղին է պետք:
Վերջերս իմացա, որ արվեստի նկատմամբ անսահման սիրո ու արվեստում նորը բացահայտելու, տեսնելու «հիվանդությունը» «Ստենդալի համախտանիշ» է կոչվում: Հետո հիշեցի «Արևը վրձնի վրա»-ն, Վան Գոգի ամենավառ կտավներն ու Երևանը:
Այս քաղաքին պակասում է դեղինը:
Մարդկանց պակասում է դեղինը:
Երբ պատմություններ կհյուսեք Մոսկվա կինոթատրոնի աստիճանների մոտ, Աբովյան փողոցի ցուցափեղկերի մոտ, սերեր կնշմարեք մետրոյի կայարաններում ու հեռավոր արվարձաններում, անպայման ավելացրեք դեղինը:
Բացիկներ նվիրեք միմյանց, ու մաղթեք՝ «սիրել դեղինը»:
Գրկեք միմյանց ու դեղինով վարակեք:
Չայկովսկի լսե՛ք կամ չէ, էսօր Մանսուրյանի ծննդյան օրն է: Լսե՛ք Մանսուրյանի «Աշնան արևը»: Ամենապարզ ու ջինջ դեղինը էդ երաժշտությունից է կաթում:
Նշումներ արեք իրար ձեռքերի մեջ, սրճարանների պատերին ու հայտարարությունների տախտակներին:
Վերցրե՛ք դեղինը ու թաթախվեք այդ արևով:
Նկարեք, շատ նկարեք:
Ու ամեն անգամ, երբ կասեն, որ նկարել չեք կարողանում, նվիրե՛ք այդ նկարը վատաբանողին: Ու ամենասիրուն բարությամբ ու սիրով վարակեք հենց նրան:
Խնդիրների լուծումները ներկեք դեղինով: Պայուսակում միշտ պահեք դեղին մատիտը: Որ ամեն անգամ անզորությունից ոչ թե գոռաք ու կռվեք, այլ միայն խնդրի անունը գրեք թղթին ու ներկեք: Ու ամեն անգամ, երբ կմտածեք՝ հիմարությամբ եք զբաղվում (իսկ դուք այդ պահին իսկապես հիմարությամբ եք զբաղվում, խնդիրը գրելն ու ներկելը ո՞րս է), ծիծաղեք այդ պահի վրա:
Ծիծաղեք ձեր ու ուրիշների հիմարությունների, ելք չգտնելու ու հաջորդ վայրկյանին լուծման մի քանի տարբերակ ունենալու մասին:
Ու հա, երբ ընդհանրապես չիմանաք՝ ինչ անել, մի տուփ արևածաղկի հատիկներ գնեք: Ու յուրաքանչյուր հատիկը կեղևազերծելու հետ վերլուծեք իրավիճակը: Կամ էլ չէ, պատկերացրե՛ք ինչ դեղին էին արևածաղիկները ամռանը ու ինչ սիրուն էին մայրամուտին քամու տակ:
Իսկ վերջում, միացրե՛ք Coldplay-ի "Yellow"-ն ու առաջին իսկ նոտայից գունավորվեք:
Look at the stars
Look how they shine for you ♥
Անսահման դեղին ու անսահման սիրուն աստղերը ձեզ համար են: նրանք ձեզ համար են շողում: ամենադեղին լույսով: ամենադեղին:
ներքևում էլ երգն եմ դնում, որ զլանաք երգը միացնել, միանգամից էստեղ լսեք: