2014 թվականի սեպտեմբերի 20-ին առաջին անգամ այցելեցի Վիքիպեդիայի գրասենյակ։ Ասել, թե ես չեմ սիրում ծանոթանալ ուրիշների հետ, չասել ոչինչ։ Ես ամաչում եմ, վախենում եմ, միշտ։ Հիշենք խեցգետին լինելս😂:
2018 թվականի դեկտեմբերի 5-ն է՝ կամավորության միջազգային օրը։ Վիքիի գրասենյակ այցելելուց անցել է չորս տարի։ Ես ունեմ 1050-ից ավել հոդված ու լիքը հաղթահարած վախեր։
Ու հա, ես էս ամենի մասին ուզում եմ գրել արդեն երևի երկու տարի, բայց չեմ նստում ու չեմ գրում, որովհետև ծույլ եմ, այո։
Երբ 2014-ին սկսեցի խմբագրել Վիքիպեդիան, ես չէի մտածում կամավորության երևույթի մասին։ Ինձ պարզապես հետաքրքիր էր գործընթացը, հետո սկսեցին հետաքրքրել մարդիկ, որոնք այդ ամենով զբաղվում են։
Առաջին հոդվածս սոցիոլոգիայի ինչ-որ երևույթի մասին էր, որի անունը նույնիսկ չեմ հիշում։ Չէ՞ որ համալսարանում անցած առարկաների մեծ մասի մասին քննության հենց հաջորդ օրն ենք մոռանում։ Հոդված գրելու կանոնները սովորելուց և այդ անհասկանալի ու չհիշվող երևույթի մասին գրելուց հետո վերադարձա տուն՝ Սևան, կոշիկներս հանեցի ու էլի սկսեցի խմբագրել։ Երկրորդ հոդվածս արդեն Սվյատոսլավ Վակարչուկի՝ Օկեան Էլզիի մենակատարի մասին էր։ Վիքին սկսեց դառնալ սեր։ Սեր, որ արտահայտվում է տառերի միջոցով։
Ու ամեն ավելացող հոդված ինձ ավելի ու ավելի խորն էր թաթախում այդ սիրո մեջ։ Կան մարդիկ, որ սիրում ու զգում են թվերը։ Ոմանք ստեղներ են սիրում։ Մյուսները՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ես սիրահարված եմ տառերին։ Մաշտոցյան տառերին։ Հավատացե՛ք, Վիքին լավագույն վայրն է այդ սերը արտահայտելու համար։
Յուրաքանչյուր հոդվածի մեջ այդ սերը յուրովի էր արտահայտվում։ Ես գրում էի մենեջմենթի հիմնասյուների մասին, որովհետև սիրում էի մենեջմենթը։ Գրում էի Վակարչուկի ու այլ երաժիշտների մասին, որովհետև զգում էի իրենց երաժշտության ամեն նոտան և սիրում տառերի չափ։ Գրում էի քաղաքների մասին, որոնց սիրում էի հեռվից։
Օրական տասնյակ հոդվածներ էի գրում ու ամեն հոդվածի, ամեն բայթի հետ սկսում էի կարևորել այն, ինչով զբաղվում եմ։
Կային դասախոսներ, որ ինձ չէին սիրում, որովհետև ես Վիքիպեդիայում գրում էի հոդված այն երևույթի մասին, որոնք իրենք պետք է իմանային։ Որոշների հետ պայքար էր։ Ոմանց, նույնիսկ անծանոթներին, համոզում էի Վիքիպեդիայի կարևորության մասին։ Որովհետև դա կարևոր էր ու առաջին հերթին՝ ինձ համար։
Հետո եկավ գիտակցումը, որ դա ավելին է, քան պարզապես օգուտ իմ կրթությանն ու աշխարհայացքին։ Դա այն գիտակցումն էր, որ ինձնից կիլոմետրեր ու մետրեր հեռու ինձնից փոքր ու ինձնից մեծ մարդիկ ու երեխաներ կարդում են այն, ինչ ես եմ գրել։ Ես տառերի միջոցով փոխանցում էի գիտելիք, որը կարևոր էր բոլորի համար։ Մեկը գնահատական կստանար այդ հոդվածի շնորհիվ, մյուսը իր երեխային կպատմեր նոր տեղեկություն, իսկ երրորդը կտարվեր իմ գրածով ու, ինչ իմանաս, մի օր այդ թեմայով հայտնագործություն կաներ։
Վիքիպեդիան մարդիկ են։ Չորս տարի շարունակ տառերից ու բառերից զատ՝ իմ կողքին էին հայտնվում մարդիկ, որոնք կիսում էին նույն գաղափարը։ Այսօր իրենց տոնն էլ է։ Տոնն է կամավորների, որոնք հավատում են ավելիին, քան պարզապես առանց գումարի աշխատանքն է։
Այդ մարդիկ այսօր իմ ամենամոտ ընկերներն են, որոնց հետ հիշողությունները սկսվում են Վիքիպեդիայի տառերից ու խմբագրումներից, միմյանց շքանշան շնորհելուց ու բառեր թարգմանելուց։ Ու որոնց հետ հիշողությունները շարունակվում են տառերից ու թարգմանություններից դուրս, բայց ամենատաք ու հետաքրքիր իրականությունում։
Վիքիպեդիան գաղափար է, որ վարակում է ընդամենը մեկ օր ու ընդամենը մեկ հոդվածով։ Բայց գաղափար, որը տալիս է ավելին, քան ուղղակի իրար կողք շարված տառերը։
Ու եթե նույնիսկ Վիքիում գործունեություն ծավալելը կոչենք կամավորություն, միևնույնն է, այն ավելին է, քան կամավորությունը։ Այն սեր է մարդկանց, անծանոթների ու ծանոթների, տառերի ու սիրելի բառերի նկատմամբ։ Այն վայր է, որտեղ միշտ վերադառնում ես՝ անկախ նրանից խմբագրողի կարգավիճակում ես, թե ոչ։ Վիքին հարգանք է դիմացինի կատարած աշխատանքի նկատմամբ ու հանուն սեփական ինքնաբավության։
Կամավորությանն անհրաժեշտ չէ մոտենալ որպես երևույթ, որը պետք է արվի։ Ամենևին։ Այն պետք է արվի գիտակցումով ու սեփական յուրահատկությունը ընդգծելու ձգտումով։ Չէ՞ որ ամեն տառի ու բառի մեջ հենց մենք ենք։ Նույնիսկ եթե հոդվածը ոչ այնքան դրական երևույթի կամ անձի մասին է ))